Հովհ․Թումանյանի թանգարանի մասին

Հովհաննես Թումանյանի թանգարան, հիմնադրվել է 1953 թվականի ապրիլի 5-ին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։  Թանգարանը գտնվում է բարձունքի վրա, Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան 40 հասցեում, և թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան, որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։ Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծննդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։

Leave a Reply