Գառնի
Քարերի սիմֆոնիա
Թափոնների մասին
Աղբահանման և աղբի վերամշակման գործում մասնագիտացած հայ-ամերիկյան «Ուվեյսթթեք» ընկերությունը ցանկանում է աղբամշակման գործունեություն ծավալել Հայաստանում։ Ընկերությունը աղբի վերամշակման փորձնական ծրագիրը սեպտեմբերի կեսերին իրականացրեց Գառնիում: Ողջ աղբավայրը մաքրելու համար մեկ ամիս պահանջվեց: Տեղում աղբի տեսակավորում է կատարվել եւ մաղով առանձնացված օրգանական աղբը վերամշակվել է: Գառնիի աղբավայրը «Հետք»-ը քարտեզագրել էր երկու տարի առաջ: Դժվարությամբ էինք տեղաշարժվում աղբավայրում՝ զբաղեցրած տարածքն ու աղբի բաղադրությունը որոշելու համար: Կենցաղային ու շինարարական աղբից բացի, աղբավայր են նետվում սատկած կենդանիներն ու մշակված մորթու թափոնները, գարշահոտությունը թույլ չէր տալիս առաջ շարժվել: Դժվար էր պատկերացնել, որ կես դար առաջ ինքնակամ աղբավայրի վերածված այդ տարածքը երբեւէ կարող էր մաքրվել, բայց այսօր այն իրականություն է: Նախկին աղբավայրում պլաստիկե տարաների ու պոլիէթիլենի մի քանի կույտ ու կոշտ կենցաղային թափոն են մնացել, հոտն իսպառ բացակայում է: