20 Սեպտեմբերի 2022 archive

Արտաշես և Սաթենիկ

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

1257278872 artashes-i-satenik.jpg

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։

Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին։