25 Սեպտեմբերի 2022 archive

Առասպել գամված Արտավազդի մասին

%d5%a1%d5%a1%d5%a1

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

— Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձերքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:

Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Քայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

Բարի հսկա

… Առավոտ, երբ հանդիպեցի Սարոյանին, առանց նախաբանի սկսեց.
-Վահա՛գն, քիչ առաջ հեռախոս զնգաց… Հելլո, ըսի… Վովու՞ն հետ կխոսիմ, հարցուց կին մը… Ե՞ս վովուն հետ կխոսիմ, հարցուցի ես… Ինչպե՞ս թե վովուն հետ կխոսիմ… Այո, ըսի, վովու՞ն հետ կխոսիմ… Կին դարձյալ կհարցնե. իսկ ե՞ս վովուն հետ կխոսիմ… է, ինչ գիտնամ ըսի… Այդպես ոչ ան իմացավ «վովուն հետ կխոսի» , ոչ ալ ես: Երկուքս ալ հայերեն խոսեցանք ու չհասկցանք իրար:
Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկնար իրար…
— Լավ չէ, այո… Բայց ահա մի օր մի ֆրանսիացի, որ, բնական է, հայերեն չգիտեր, և ես, որ դժբախտաբար, ֆրանսերեն չգիտեմ, բավականին երկար խոսեցինք և, երևակայեք, հասկացանք իրար:
— Հետաքրքիր է, պատմե, Վահագն.
— 1973-ին Փարիզում էի: Ինձ ուղեկցող բարեկամս մտավ խանութ ինչ-որ գնումների, ու ես մայթին կանգնած ծխում էի:
Մոտեցավ մի ծերուկ ֆրանսիացի, գինով էր… Կանգնեց դեմս ու սկսեց խոսել:
Խոսեց, խոսեց, խոսեց ու երբ ընդհատեց, ես սկսեցի խոսել, ասացի՝ քեֆդ լավ է, շատ լավ, ինքդ էլ լավ մարդ ես երևում, հիանալի մարդ, ձեր Փարիզն էլ շատ գեղեցիկ է և նման բաներ… Ցույց տվեց, թե ուշադրությամբ լսում է ու նորից սկսեց խոսել: Գրպանիցս ծխախոտ հանեցի, խնդրեմ ասացի, ծխեք, Հայաստանի ծխախոտ է, «Ախթամար» … Հետաքրքրությամբ նայեց տուփին, մի հատ վերցրեց. ասաց՝ մերսի, միակ բառը, որ հասկացա…
Եթե նույնիսկ այդ մեկ բառն էլ չհասկանայի, մեկ է հասկանում էի նրան, մարդը խմած էր, երևի ինչ-որ ցավ ուներ, ուզում էր մեկի հետ խոսել, ցավը պատմել… Ու՞մ հետ խոսեր, բոլորն իրենց գործին էին շտապում, միակ անգործը ես էի, որ մայթին կանգնած ծխում էի… Ինքն էլ երևի հասկացավ, որ ես չեմ հասկանում իրեն, բայց դա կարևոր չէր, իրեն լսող էր պետք ու գտել էր…
— Պարզ է, հասկըցած եք իրար, — ասաց Սարոյանը, — գեղեցիկ է, երբ մարդիկ տարբեր լեզվով կխոսին ու կհասկընան… Բայց ահա հոս, երբեմն կուգան, հետս անգլերեն կխոսին, ու չեմ հասկընար…
— Այդքան վա՞տ են խոսում…
— Ո՛չ, վատ չեն խոսիր, բայց կուզեն ցույց տալ, որ անգլերեն գիտեն, ու չեմ հասկընար այդ մարդոց… Ես եկած եմ, որ հայերեն լսեմ, հայերեն խոսիմ, իրենք անգլերեն կխոսին: Ինչու՞ս պետք…
Իսկապես, երբ հետը անգլերեն էին խոսում, շուռ էր գալիս իմ կողմը.
— Վահագն, ի՞նչ կըսեն, թարգմանե…
Ես ուսերս վեր էի քաշում:
Ծիծաղում էր
Զրուցակիցը, ստիպված անցնում էր հայերենի:
— Շատ լավ, — ասացի, — երբ սրանից հետո ձեզ հետ անգլերեն խոսեն, ու դուք ասեք՝ Վահագն, ի՞նչ կըսե, թարգմանե, պիտի թարգմանեմ. ասեմ, պարոն Սարոյան, այս մարդն ասում է՝ անգլերեն գիտեմ…
— Հո՜, հո՜, հո՜… Ատանկ ալ ըսե…
Զարմանալի ամբողջական, զարմանալի սևեռուն է Սարոյան մարդն ու գրողը: Նրա ոչ մի արարքը, ոչ մի խոսքն ու զրույցը դուրս չեն մեր պատկերացրած սարոյանական աշխարհից: Առավոտվա հեռախոսային այն պատահական զրույցն էլ, որ մեր հեռախոսային կապի մեղքն էր, ինչ-որ հետք էր թողել նրա մեջ. «Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկնար իրար» …

 

Տասը խորհուրդները

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

Ամենուրեք փնտրիր բարին ու հենց որ հայտնաբերես, հանիր այն աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկանց ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև դա էլ անցավոր է:

Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել:

Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղրուծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան:

Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, դա վայել չէ պայծառատես աչք ու սիրտ ունեցողին:

Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկի մի ենթարկիր քեզ:

Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է:

Արհամարհիր չարիքը, բայց ոչ չար մարդուն:

Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց հասնի սպանություն լինելու պահը, կոպիտ եղիր ու մի զղջա:

Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը: