Archive of ‘Բանաստեղծություններ’ category

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին…
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

Վահան Տերյան — Աշնան երգ

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

 

Առաջադրանքներ

1․Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

Հինավուրց-շատ տարիքով,  հին։

2․Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Ալեկոծվում էր անտառը հուզվածՈւ ոսկեզօծված գլուխն օրորում-անտառի բոլոր ծառերի  տերևները դեղնել էին  և քամուց շարժվում էին։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա-քամու ձայնը այնքան ուժեղ էր, որ հեռվից լսվում էր։

3․Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը տերևի և քամու մասին է։ Քամու համբույրից տերևը դողում է  և դիպչում կողքի հարևանին։Եվ ամբողջ ծառն է սկսում դողալ։ Շշուկն ծառից-ծառ անցավ և հասավ խորքերն անտառի։ Անտառը ալեկոծված էր և հուզված, և ոսկեզօծված գլուխն էր օրորում։ Անտառը կարծես որոնում էր քամու համբուրած փոքրիկ տերևին ։ Անտառը խշշում էր։ Խշշոցը երկինք  էր հասնում։ Քամին  ուրախ էր ու ծիծաղում էր անտառի վրա։

4․Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Ուրախ քամին բարձր ձայնով հրաման տվեց և սկսեց ծիծաղել։

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը գեղեցիկ է իր գույներով։Ծառերը  զարդարվել են կարմիր, դեղին, կանաչ և նարնջագույն  գույներով։Գետնին կարծես տերևազարդ գորգ է փռված։ Անտառը դատարկվել է թռչուններից։ Եվ լսվում է միայն աշնանային քամու սուլոցը։

6․Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

 

Մի  դեղին տերև  հանդիպում է    քամուն։ Եվ  դեղին տերևը քամուն ասում է  ․

—  Դո՛ւ, ին՜չ ուժեղ ես․

—  Իհարկ՜ե, ես շատ ուժեղ եմ։

—   Ինչո՞ւ ես դու այդքան ուժեղ։

— Ես պետք է ուժեղ լինեմ, որպեսզի կարողանամ  հաղթել բոլորին ։Ես բնության օգնականն եմ։Եվ օգնում եմ  ծառերին, որ ազատվեն հին տերևներից։ Հիմա քո հերթն է, դու էլ պետք է գաս ինձ հետ։ Դա բնության օրենքն է։

Տերև  հասկացավ քամուն, ուրախացավ և քամու հետ պարելով  հեռացավ իր ծառից։

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ  առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

«Ձմռան առավոտը»․ հորինուկ

 

 

Առավոտյան  ձյունն  է թափվում։

Թռչուններ  են հեռանում

Տխուր -տխուր դեմքերով։

 

Օրերն  են  ցրտանում։

Կենդանիներն են տխրում։

Երեխաները  դուրս  են  գալիս խաղալու

Ուրա՜խ — ուրա՜խ  ցատկելով։

 

Աթաբեկ Խնկոյան «Ձմեռ»

 

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,

Ձյունի փաթիլներ

Իջան վերևից։

 

Ձյուն ու ցուրտ եկան,

Առու, գետ լռեց,

Իր արծաթ գորգը

Ձմեռը փռեց։

 

Ձյունը ծնկահար

Նստեց մեծ ճամփին,

Սպիտակ հյուսերը

Կիտեց գետափին։

 

Աթաբեկ Խնկոյան