Մինաս Ավետիսյան

 

Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Հանրահայտ են Ավետիսյանի «Տարվա եղանակները» (1960-63թթ.), «Իմ ծնողները» (1962թ.), «Հանդիպում» (1965թ.), «Հորս դիմանկարը» (1965թ.), «Շեմին» (1967թ.) և այլ գործեր:
Մինաս Ավետիսյանն ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան արտացոլող՝ «Տեր Զորի ճանապարհին» (1964թ.), «Գաղթ» (1965-67թթ.), հայկական գյուղաշխարհը պատկերող՝ «Ջուլհակուհիներ» (1958թ.), «Տերևներ հավաքողները» (1960թ.), «Ջաջուռ» (1960թ.),  «Հաց են թխում» (1963թ.), «Խնոցի են հարում» (1964թ.) և այլ կտավներ:
Նա պատկերները կառուցել է գունային ցայտուն հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ՝ երբեմն ողբերգական շեշտերով («Ինքնանկար փշով» (1967թ.), «Խաչելություն», (1975թ.)):
Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները: 1962թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է մի շարք բալետներ:
Բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:

 

Leave a Reply