28 Հոկտեմբերի 2022 archive

Անծանոթ բառեր

Վախթանգ  Անանյանի  «Եղնիկի ձագը»

Հայերեն բառարան  ՝

 

Հովիտ-դաշտավայր

Հետզհետե- իրար ետևից:

Սանձ- ձիու բերանը դրվող մետաղյա բարակ ձող, որի երկու ծայրերից ամրացված են սանձափոկերը, լկամ:

Թավիշ-փափուկ

Չնաշխարհիկ-գեղեցիկ

Մացառ-փշոտ թուփ

Բերանքսիվայր- բերանը ներքև

Ողորկ-հարթ

Գանգրահեր-գանգուր մազերով

Սրտաճմլիկ-սիրտ ճնշող

Հանդիմանական-կշտամբանք արտահայտող

Մտրակել- մտրակով խփել

Սնահավատություն- դատարկ բաների հավատալը

Անդրդվելի-համառ

Երկյուղ-վախ, ահ

Մելամաղձոտ-տխուր

Թավուտ- անտառի մեջ խիտ բուսականությամբ պատված տեղ

Ծերպ-1․խոռոչ 2․ ծայր

Կածան-նեղ ճանապարհ-արահետ

Տենչ-ցանկություն

Կոլտնտեսություն-կոլեկտիվ տնտեսություն

Թվանք-հրացան

Խրտնել-վախենալով մի կողմ ցատկել

Ոստոստել-ցատկոտել

Կցկտուր-կտորներից կազմված

Շաղակրատում-Շաղակրատելը

Պողպատե- 1․երկաթե 2․ պինդ

ՊողպատեՊողպատե

Կխտար-եղնիկ

Զառիվայր-ցած թեքված

Թոնթորալ-տրտնջալ նվնվալ։

Ուսումնական աշուն․ Մայրենի

Ես կարդացել եմ Վախթանգ Անանյանի «Եղնիկի ձագը » պատմվածքը ։ Այն շատ հետաքրքիր էր։ Պատմվածքը  փոքրիկ եղնիկի  մասին էր, որին լոռեցի Գալուստը գտնում է անտառում։

Գալուստը եղնիկի ձագին  իր ձեռքերի վրա տանում է իրենց տուն և Գալուստի կինը ամեն օր նրան կերակրում է ոչխարի կաթով։ Եվ եղնիկը  մեծանում է և մի օր գտնում իր մայրիկին։ Խորհուր՛դ եմ տալիս բոլորին կարդալ այս հետաքրքիր  պատմվածքը։

Եղնիկի ձագը Վախթանգ Անանյան

Հովտում շոգ էր, իսկ անտառում, որով ընթանում էին մեր ձիերը, դուրեկան զով էր տիրում: Քանի վեր էինք գնում` անտառը հետզհետե նոսրանում էր, սկսվում էին թփուտները, մոտենում էինք լեռնային արոտներին:

Վերջապես մտանք ծով կանաչի աշխարհը և Լալվարի բարձունքից եկող հովը շոյեց մեր դեմքերն ու զվարթացրեց մեզ:

Ես ցած թռա ձիուց ու նրա սանձը բռնած սկսեցի քաղել թավիշ կանաչի միջով: Ցածում Լոռու չնաշխարնիկ ձորն է` իր աղմկարար Դև-Բեդով, մեր դիմաց Չաթինդաղն է` իր ապառաժներով ու որսառատ ծմակներով, իսկ նրանից վեր` ամպերի մեջ կորչում են Ղազախի լեռները, ուր անցել է իմ մանկությունը:

Մինչ ես տարվել եմ Լոռվա չքնաղ բնությամբ, որսորդ ընկերս` Գալուստը` կուզեկուզ ետ վազեց դեպի մացառները և պիջակի թևերը լայն բացելով, բերանքսիվայր փռվեց մի թփի վրա: Ճյուղերի ճարճատյունի հետ բայունի նման մի ձայն լսեցի:

Քիչ անց ընկերս դուրս եկավ թփուտից: Նրա պիջակի փեշից մի փոքրիկ կենդանի դուրս էր հանել իր խոշոր ականջներն ու փոքրիկ գլուխը և սարսափած, անմեղ աչքերով նայում էր ինձ ու աղեկտուր բայում: Եղնիկի ձագ էր: Նա լարում էր իր փոքրիկ ուժերը և իրեն կաշկանդող բազուկներից դուրս պրծնելու հուսահատ փորձեր էր անում:

Ես սկսեցի շոյել նրա ողորկ ու փափուկ մազերը: Դա երկար, բարակ ոտներով, գեղեցիկ վզով, շնորնալի կազմվածքով և երկյուղով լի աչքերով մի արարած էր և դեռ այնքան փոքր, որ չէր հասկանում իր դրության ողջ լրջությունը:

Մենք խոսելով առաջ ենք գնում:

— Սրա մերն էստեղերքից չի հեռանա,— ասաց Գալուստը, հայացքով խուզարկեց անտառի նոսր փեշերն ու գոչեց:— Չասացի՞… Մի փոմփոխ կաղնու տակին մտի՞կ…

Այո՛, մայր եղնիկը գանգրահեր կաղնու տակից դունչը դեպի մեզ մեկնած, հոտոտում էր և խղճալի բայում:

Մոր ձայնը լսելուն պես, ձագը գլուխը թեքեց նրա կողմն ու սրտաճմլիկ մայոցով պատասխանեց, կարծես ասում էր. «Բաց չեն թողնում, մամա՛, ազատիր ինձ…»:

— Գալո՞ւստ, մեղք է, բաց թող գնա,— հանդիմանական տոնով դիմեցի ես լոռեցուն:

— Ա՛յ տղա, էդ քաղաքացիներդ էդ ի՞նչ տեսակ ժողովուրդ եք, բա մարդ էլ ձեռն ընկած որսը բաց կթողնի՞,— զարմացավ Գալուստը:

Ես դժգոհությամբ ձիս հեծա և մտրակեցի, և երբ ետ նայեցի, նկատեցի որ մայր եղնիկը դուրս վազեց անտառից ու հեռվից հետևում է մեզ:

Այստեղ էլ խեղճ ձագն էր բղավում, ուզում էր դուրս թռչել մարդու ձեռքերից:

Այդ տեսարանը ազդեց ինձ, շատ զգացվեցի: Փորձեցի շարժել լեռնականի սնահավատությունը.

— Գալո՞ւստ, դրա մեղքիցը հաց չես գտնիլ, բաց թող…

Լոռեցին անդրդվելի մնաց:

Խեղճ մայրը հեռվից մեզ հետևեց մինչև ֆերմայի վրանները: Շների հաչոց լսելով, կանգ առավ, դունչն իր ձագի կողմը մեկնեց, հոտոտեց օդը, շուռ եկավ, մոլոր քայլերով գնաց դեպի անտառ, իր դարդը սարին ու քարին պատմելու…
2

Երկու շաբաթ անցավ:

Ես նորից Լոռի գնացի և բարձրացա անտառի փեշին, գեղեցիկ պարտեզների մեջ թաղված Ամոջ գյուղը, ուր ամառանոց էի տարել իմ ընտանիքը:

Տուն մտնելուն պես իմ առաջին հարցը եղավ.

— Գալուստն էն կենդանուն թաց չթողե՞ց…

Կարծես հարցիս որպես պատասխան լսվեց երեխայիս ուրախ կանչը.

— Բիժո՛, բիժո՛, բիժո՛…

Իջա պարտեզ և տղայիս տեսա՝ եղնիկի ձագի հետ խաղալիս: Վազեցի փոքրիկ կենդանու մոտ, շոյեցի նրա սիրուն մազերը, համբուրեցի անմեղ ու երկյուղ արտահայտող աչքերը և ուսիս դնելով, սկսեցի վազվզել խնձորենիների տակ: Տղաս ուրախության ճիչերով հետևում էր ինձ: Եղնիկի ձագը ուսիս շատ թեթև թվաց: Ցած դրի և ուշադիր նայեցի. խե՜ղճ որբուկ, ինչքա՜ն է նիհարել…

Տնեցիք ինձ ասացին, որ Գալուստի կինը նրան ամեն օր կերակրում է ոչխարի կաթով: Բայց դե աշխարնում ի՜նչը կհասնի հա րազատ մոր կաթին…

Նրա վիճակը լավացավ, երբ սկսեց արածել: Այնունետև օր-օրի աճում ու գեղեցկանում էր և շուտով այնքան մեծացավ, որ միայն խոտով էր կերակրվում:

Եղնիկն այնպես էր կապվել տղայիս հետ, որ շարունակ նրա հետևից էր գնում, ձեռքը լիզում, դունչը մեկնում՝ հաց էր խնդրում և տխրում էր առանց նրա: Գիշերները երբեմն վեր էր կենում իր անկյունից և բերանով բռնում, քաշում Գալուստի կնոջ վերմակից: Կինն արթնանում էր, վրդովվում, որ քունը խանգարվեց, ապա խղճում էր (չէ՞ որ նա էլ մայր էր…) ու կաթ տալիս:

Կանաչ պարտեզ, լավ խաղընկեր, սնունդ, կարծես ամեն ինչ կար, որ փոքրիկ եղնիկն իրեն լավ զգար: Բայց երբեմն տխուր ու մտածկոտ էր դառնում և մելամաղձոտ հայացքով նայում էր սարի լանջին փռված անտառին:

Մի անգամ, երբ արևի վերջին շողերը հանգան Չաթինդաղի բարձունքներում և սառը հով փչեց, ես տեսա, թե ինչպես եղնիկի ձագը դուրս եկավ պարտեզից, կանգնեց հին գերեզմանատան բլրին ու դունչը մեկնելով Լալվարի կողմը, սկսեց հոտոտել օդն ու տխուր բայել…

Լեռներից եկող հովը հարազատ մոր նեռավոր մղկտո՞ցն էր բերում, թե՞ կարոտում էր իր մայր բնությանը, ձգտում էր դեպի անտառի թավուտը, դեպի հարազատները: Ո՜վ գիտի… Հավանաբար խեղճ որբուկը մորն էլ չէր հիշում, այնքան փոքր էր, երբ բաժանվեց նրանից:

Թե՞ այժմ նրա մեջ միայն կենդանական բնազդն էր խոսում, ազատասեր եղնիկի բնազդը, ծերպերով սուրալու, թփուտներում թռչկոտելու, կածաններով ազատ վազելու տենչը…

3

Մի անգամ էլ, երբ գյուղ գնացի, կոլտնտեսության հովիվ Ավագը ինձ պատմեց, որ մի եղնիկ ամեն երեկո-առավոտ սարից ցած է իջնում, պտտվում է գյուղի շրջակայքի թփուտներում ու աչքը գյուղին` մղկտում:

— Իմ կարճ խելքովը դա էդ եթիմի մերը կլինի… Ինչքան շները հետևիցն են ընկնում, ինչքան գեղի մոտերքում թվանք է տրաքում, էդ կենդանին էլի ձեռ չի քաշում էս կողմերից: Մոր ջիգյար է, է՜, վառվելով-խորովվելով` իր հորթին է ման գալիս…

Այսպես ասաց ծեր հովիվն ու Գալուստի արարքից դառնացած, գլուխը տարուբերելով գնաց:

4

Կակաչները թափեցին իրենց թերթիկները, Լալվարի լանջը դեղնեց, անտառը ծիրանագույն զգեստներ հագավ և պարտեզներում հասունացան պտուղները:

Իմ երեխան բարձրանում էր ծառը, հրճվանքով ցած էր թափում խնկագույն խնձորները, իսկ եղնիկի ձագը ամեն խնձոր կաթելիս խլուշ-խլուշ էր անում, խրտնում ու ոստոստում ծառի տակ:

Դա նրանց վերջին զվարճությունն էր ամառանոցում, իմ ընտանիքը քաղաք վերադառնալու պատրաստություն էր տեսնում:

Վերջապես եկավ բաժանման ժամը: Երեխաս փարվել էր եղնիկի վզին, և երբ մենք շարժվեցինք, նա արցունքի միջից հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի թողնի իր «բիժոյին»:

Եղնիկը լիզում էր նրա ձեռքը և մեկ մեզ նայում, մեկ տղայիս, կարծես հարցնում էր. «Ի՞նչ է պատահել…»:

Այն ժամանակ Գալուստը եղնիկը նվիրեց իմ որդուն, և մենք հնձած արտերի միջով ուրախ-ուրախ ճամփա ընկանք դեպի երկաթուղու կայարանը: Մեր հետևից, կայտառ ոստոստելով ու մեծ-մեծ ականջները խլուշ-խլուշ անելով, գալիս էր եղնիկի ձագը:

— Տես ո՜նց են զարմանալու մեր բակի երեխաները… հետս մանկապարտեզ էլ կտանեմ… Ամբողջ քաղաքն իմ եղնիկի մասին է խոսելու… Բիժո ջան, բիժո ջան,— ճանապարհին ուրախությունից կցկտուր շաղակրատում էր իմ տղան:

Բայց նրա երազանքները չիրականացան:

Գնացքը եկավ աղմուկով ու դղրդոցով: Խեղճ կենդանին դողդողում էր իմ գրկում, ի՜նչ սարսափելի հրեշ պիտի երևար նրա աչքին շոգեքարշը…

Երբ մենք պատրաստվում էինք գնացք նստել, դեպոյից մի շոգեկառք եկավ, մոտեցավ մեզ և իր պողպատե կոկորդով այնպես սուլեց, որ երեխաս սարսափահար դեպի մայրը վազեց, իսկ եղնիկի ձագը գրկիցս դուրս պրծավ ու փռվեց կառամատույցին:

Ես կռացա կենդանու վրա, որպեսզի որոշեմ, թե ինչ պատահեց նրան, այդ պահին խփեց երկրորդ զանգը, ու մեկը կանչեց.

— Այտա՛, կխտա՜րը, կխտա՜րը… Մի դենը մտիկ արեք…

Նայեցի նրա մատի ուղղությամբ, իրոք, Դեբեդի մյուս ափին, զառիվայրի թփերի մեջ մի եղնիկ էր բայում սրտակտուր:

— Հա՜յ, հա՜յ… — գոչում էին կայարանում հավաքված մարդիկ: Նրանց մեջ միայն ե՛ս գիտեի, որ մայր եղնիկն է, սարից իջել է վտանգն արհամարհելով ու մղկտալով իր սիրասուն զավակին է կանչում ու իր կենդանական լեզվով բողոքում է մեր արարքի դեմ, թե. «Անխիղճ մարդիկ, ո՞ւր եք տանում իմ բալին…»:

Եվ այդտեղ պատահեց այն, ինչ ցանկանում էի ես իմ ամբողջ սրտով, եղնիկի ձագն ուշքի եկավ, սրեց մեծ-մեծ ականջները, հասկացավ, որ հարազատն է կանչում իրեն ու վեր թռավ տեղից: Ապա մի քանի ոստյուններով հասավ բարակած գետին, ցատկեց-անցավ ջուրը, հասավ մորը ու մտավ նրա վզի տակ…

— Այտա, էս ինչ բան էր…— հարցնում էին իրար՝ գործից անտեղյակ լոռեցիները:

Իսկ նրանք՝ մայր ու որդի՝ իրենց մուրազին հասած, սուրացին զառիթափն ի վեր` դեպի Չաթինդաղի անառիկ ծերպերը, դեպի ազատ բնության ծոցը…

Որդիս բռունցքներով տրորում էր աչքերը, բայց երբ հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, արցունքի միջից ժպտալով հարցրեց.

— Իր մամային գտա՞վ… Ի՜նչ լավ է, որ գտավ…

Գնացքը շարժվեց, իսկ նա վագոնի պատուհանից աչքը չէր կտրում Չաթինդաղի լանջից, ուր անհետացավ իր խաղընկերը, իր սիրելի «բիժոն»:

— Մոր արինը քաշեց-տարավ,— ինքն իրեն թոնթորում էր մի պառավ ու գոգնոցով սրբում աչքերը, երևի նա էլ իր կորած որդուն էր հիշում…