Փոքրիկ իշխանը

Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով
մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր
կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը:
Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու,
ողջ-ողջ: Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է՝ մինչև որ մարսում է կերածը»:
Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ 1-ին նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել:
Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և
հարցրի՝ սարսափելի չէ արդյոք:
– Մի՞թե գլխարկը սարսափելի է,– առարկեցին նրանք:
Իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել:
Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին
հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ № 2
նկարը:
Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի և ոչ էլ
ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ,
3
թվաբանությամբ և ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց
տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: № 1 և № 2
նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի
հավատս: Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ
նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ
որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարևոր է այս իմանալը:
Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ
տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի
լավ կարծիք ունենամ:
Երբ հանդիպում էի որևէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի
հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ № 1 նկարը, որը
միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի
բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»:
Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների և ոչ էլ
աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց
հետ խոսում էի բրիջ և գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել
են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:

Leave a Reply