Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործական աշխատանք

Իսկ հետո ի՞նչ եղավ։

Երբ որ նրանք վերադարձան  իրենց երկիր, նրանց ցանկությունը կատարվեց, երկրում դառավ  երկու ամառ  և մեկ ձմեռ և նրանք այդքան շատ չէին մրսում։

Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։ ՝

Նրանք վերադառնալու ճանապարհին տեսան աշնան տերևներ, նրանք գնացին այդ տերևների ճանապարհով և տեսան , որ իրենց մոտ աշուն է ոչ թե ամառ, բայց նրանք էլի ուրախացան ,որովհետև եղանակը գոնե մի քիչ տաքացել էր։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

Ափ առնել- հավաքվել

Խորհրդի են նստում-խորհրդակցել։

Վար է բերում — իջեցնում  է։

Գլուխ են տալիս -խոնարհվում են։

Վրա են բերում- հարձակվում են։

Վրա են պրծնում- առաջ են վազում։

Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։

Գանձ+ա+պահ=գանձապահ

Խանութ+պան=խանութպան

Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։

Նրանք շատ մրսկան են, սիրում են բողոքել և շատ միամիտ էին ։

Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը շատ բարի մարդ էր և խելացի։

Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:

Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․

Նրանց շուկան  ձյան կտորներից մի պալատ է, իսկ նրանց դպրոցը սառցե պատերով է։ Նրանց տները երևի նման են սառցե դաշտերի, փողոցները երկար են ձյունածածկ և սառույցի կտորներով լիքը։ Նրանց շուկայում վաճառում են սառցալեզվակներ, ձյուն և սառույց։

Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

Նուկիմացնե՛ր, խորհուրդ եմ տալիս Ձեզ՝ դուք միշտ տաք հագնվեք։

Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։

Այս հեքիաթը սովորեցնում է, որ մենք պետք է լինենք համբերատար և բարի։

Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

Երեք միամիտները

 

Leave a Reply