Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
Ֆիզիկական երևույթների օրինակներ են՝
Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:
Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:
Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվելը։